Ահազանգեր կան՝ ինչպես են զինծառայողներին հրամայում՝ ինչպես քվեարկել. քարոզարշավին խոսում էին վենդետաների, գլխից խփելու, ասֆալտին փռելու մասին. Վարդևանյանը՝ «Հայաստան»-ի արձանագրած խախտումների մասին
Մեր կողմից ԿԸՀ ներկայացրած դիմումը տարբերվում էր նրանով, որ մենք փորձել ենք հարցը ներկայացնել ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ընտրական գործընթացի ամբողջ շղթայի մեջ: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին:
«Կարծում ենք՝ այս ընտրություններում ամբողջ շղթայի բացահայտումն է, որ առանցքային նշանակություն ունի, թե ինչ տեսակ խնդիրներ, խախտումներ, այդ թվում՝ համակարգված խախտումներ են տեղի ունեցել»,-ասաց նա:
Ըստ Վարդևանյանի՝ գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ սահմանադրական կարգավորումների իմաստով բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում:
«Ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ ՀՀ-ում որպես իրավական փաստ արձանագրվել է իշխող ուիժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,-նշեց նա:
Մյուս հանգամանքը, որը, ըստ Վարդևանյանի, ևս շատ կարևոր է, այն է, որ շատ կարճ ժամանակահատված կազմող նախընտրական քարոզչության ընթացքը մի քանի օր անընդմեջ պարունակել է բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ:
Նա նաև ընդգծեց՝ փորձել են տեղեկություն ստանալ, թե զինծառայողները որ ընտրատեղամսերում են քվեարկելու, սակայն այդ տվյալները գաղտնի են պահվել:
«Ունենք իրավիճակ, երբ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, դրան զուգահեռ կան տեսանյութեր, բազմաթիվ ահազանգեր, թե ինչպես են զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլև հրամայում՝ ինչպես քվեարկել»,-ասաց նա:
Վարդևանյանը նշեց՝ ուսումնասիրում են հրապարակված ընտրական ցուցակները, և այդ հարցում ևս որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք կամփոփվեն, և դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:
ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, արձագանքելով այն դիտարկմանը, թե զինծառայողները քվեարկությանը մասնակցել են զինգրքույկներով, նշեց, որ միշտ է այդպես եղել, և նրանց համար զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է:
Վարդևանյանը պատասխանեց՝ պետության կողմից իր գործողությունների կատարման տեսանկյունից եղել է թերություն: «Պետք էր մտածել մեխանիզմներ՝ ինչպես զինծառայողների ընտրության հարցն ապահովել, որ չլինեն 100 հազարից ավելի անձնագրեր, որոնք չեն աշխատում, որ չլինի այդ աստիճան մեծ ընտրական ցուցակ: Քարոզարշավի 12 օրերից 7-ի ընթացքում խոսում էր վենդետաների, գլխից խփելու, ասֆալտին փռելու մասին, դրան զուգահեռ՝ վարչական ռեսուրսների չարշահումներ»,-ասաց նա: