Թրամփը հայտարարել է, որ Բայդենի նախագահության ժամանակ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին
Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կործանում է երկիրը։ Սպիտակ տնից հեռանալուց ի վեր իր առաջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփի պնդմամբ՝ Բայդենի վարչակազմը հինգ ամսում «լիակատար աղետի է վերածել» երկիրը, քանի որ «հանցավորությունն ու սպանություններն աճում են, ապօրինի ներգաղթյալներն անարգել հատում են սահմանը»։
«Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը նվաստացնում են մեր երկրին։ Ջո Բայդենը կործանում է մեր երկիրը»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը։
Թրամփը նաև նշել է՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումը «կկործանի Իսրայելը կամ կհանգեցնի մեծ պատերազմի»: