ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ V»-ով պատվաստել հղիներին
ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է հղիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:
«Փորձագիտական հանրակցության կողմից որոշում է ընդունվել հանել «ԳամԿովիդՎակ» («Սպուտնիկ V») պատվաստանյութի կիրառման հարցում հղիների համար հակացուցումները: Այսպիսով, բաց է այն հղիներին պատվաստելու հնարավորությունը, որոնք կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկի գոտում են»,-ասել է Մուրաշկոն՝ հանդես գալով COVID-19-ի տարածման դեմ պայքարի գծով կառավարության համակարգող խորհրդի նախագահությունում:
Նա ճշտել է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կլինիկական հետազոտությունների եւ պատվաստանյութի անվտանգության դրական արդյունքները, ինչպես նաեւ կլինիկական հետազոտությունների եւ հետգրանցումային ժամանակաշրջանում դրա արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ հավաքված տվյալները: Մուրաշկոն հիշեցրել է, որ հղիները նույնպես հիվանդանում են կորոնավիրուսով, այդ թվում նաեւ ծանր ձեւով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: