ՌՔԿ-ն ուսումնասիրում է Լիպեցկի շրջանում երեք դեռահասների ինքնասպանության գործը
ՌՔԿ-ն ուսումնասիրում է Լիպեցկի շրջանում երեք դեռահասների ինքնասպանության գործը, նրանք միմյանց ճանաչել են եւ նույն կերպ են ինքնասպանություն գործել՝ նույն երկաթուղային կայարանում, գրում է RT-ն:
Երեք դեռահաս՝ երկու աղջիկ, ովքեր սովորել են նույն դասարանում, եւ մի տղա: Դպրոցականների մարմինները հայտնաբերվել են «Դոլգորուկովո» կայարանի մոտ՝ Լիպեցկից 120 կմ հեռավորությամբ:
Նրանցից երկուսը եղել են «մահվան խմբերում», որոնցում դեռահասներին հրահրում են ինքնասպանության: Քննիչները բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը կասկածվում է դեռահասներին ներառող խումբը ստեղծելու մեջ: Նախկինում նա արդեն ձերբակալվել էր նման կասկածներով, բայց ապացույցների բացակայության պատճառով ազատ էր արձակվել: Միեւնույն ժամանակ, ՌՔԿ-ն ընդգծում է, որ երրորդ զոհը ոչ մի կապ չի ունեցել այս խմբի հետ: Գերատեսչությունում մտավախություն ունեն, որ երեք երեխաների մահից հետո ռուս պատանիները կսկսեն ընդօրինակել նրանց:
Առաջին դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունիսի 11-ին: Խառլամովկա գյուղի 14-ամյա բնակչուհի Մարիայի մարմինը գտել են երկաթգծի վրա, հեռախոսը նրա կողքին դրված է եղել: Դպրոցական աղջիկը մահվանից առաջ մոր համար տեսանյութ է նկարահանել, որում խոստովանել է, որ ինքը «մահվան խմբում» է: Այս գրառումը հրապարակվել է համացանցում:
«Ինձ թույլ են տվել նկարահանել վերջին տեսանյութը: Ես սիրում եմ քեզ։ Սկսվում է «կապույտ կետի» նոր ալիքը, շատ զոհեր կլինեն: Սրանք համակարգողներ չեն, ավելին են: Համակարգողները պարզապես ոչինչ են այս խաղում»,- արցունքների միջից ասում է Մարիան: Տեսանյութում նա նաեւ պնդում է, որ «մահվան խմբում» կա 524 մարդ, նրանցից 105-ը Լիպեցկի շրջանի բնակիչներ են: Դեռահասը խնդրում է հնարավորինս տարածել այս տեղեկատվությունը սոցիալական ցանցերում՝ «միայն թե դադարեցնեն սա»:
Մարիայի մահից երեք օր անց նույն կայարանում ինքնասպան է եղել տեղի 16-ամյա բնակիչ Ալեքսանդրը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, երիտասարդը Մարիայի ընկերն էր, գիտեր, որ նա վտանգավոր խմբում է, եւ մեղադրում էր իրեն, որ չի կարողացել նրան հետ պահել:
Հունիսի 25-ին, գիշերվա մոտավորապես մեկին, 15-ամյա Ալիսան ինքնասպանություն է գործել նույն տեղում: RT-ին քննչական կոմիտում հայտնել են, որ դեռահասին «ինքնությունը չպարզված անձինք» են ինքնասպանության հասցրել:
14-ամյա ընկերուհու մահից մի քանի օր անց Ալիսան իր էջում համատեղ լուսանկար է տեղադրել՝ հետեւյալ գրառմամբ․ «Ներիր ինձ: Ես կարոտում եմ քեզ»։