«Առաքելություն. անհնարինը 7» ֆիլմի նկարահանումները Covid-19-ի պատճառով կրկին հետաձգվել են․ ենթադրաբար վարակված է նաև Թոմ Քրուզը (լուսանկարներ)
Mission: Impossible 7 («Առաքելություն. անհնարինը 7») ֆիլմի նկարահանումները կրկին դադարեցվել են՝ որոշ մասնակիցների մոտ կորոնավիրուսն ախտորոշող թեստի դրական արդյունքի պատճառով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ ենթադրվում է, որ վարակակիրների թվում է նաև գլխավոր դերասան Թոմ Քրուզը։
58-ամյա դերասանի վարակված լինելու մասին բամբասանքների պատճառը նրա ենթադրյալ բացակայությունն է։ The Sun պարբերականը նշել է, որ նկարահանումների դադարեցման պատճառը կարող է լինել դերասանի վարակվելը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամսվա սկզբին ֆիլմի ամբողջ նկարահանող խումբը ստիպված էր եղել 14 օրով ինքնամեկուսանալ, երբ նկարահանումների որոշ մասնակիցների մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։
Հիվանդությամբ էին վարակվել Անգլիայի Սուրեյ կոմսության Longcross ստուդիայում իրականացվող նկարահանումների 60 մասնակիցներից առնվազն 14-ը: Նրանցից շատերը ֆիլմում գլխավոր դեր խաղացող, ամերիկացի դերասան Թոմ Քրուզի ամենամոտ օգնականներն են եղել: