Անհայտ անձինք ծանր գնդացիրից կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ (լուսանկարներ)
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել ծանր գնդացիրից, ինչի հետևանքով ուղղաթիռի վրա մի քանի անցք է բացվել, հայտնում է BBC-ն` մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Վենեսուելայի հետ սահմանի մոտ:
Նախագահի հետ թռչում էին պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև մի նահանգապետ:
Նախագահի խոսնակը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել: Իվան Դուկեն հարձակումը որակել է «վախկոտ» և ասել, որ իրեն չեն վախեցնի բռնությունները և ահաբեկչությունները:
«Մենք ունենք ուժեղ պետություն, Կոլումբիան ի վիճակի է դիմակայել այս կարգի սպառնալիքներին», - ասել է նախագահը Twitter-ում տեղադրված տեսաուղերձում: Նա հանձնարարել է գտնել կատարվածի մեղավորներին:
Կոլումբիա-Վենեսուելա սահմանի մոտակայքում գտնվող Կատատումբո շրջանում, որտեղ ուղևորվում էին նախագահը, նախարարները և նահանգապետը, գործում է «Ազգային ազատագրական բանակ» կոչվող ձախ արմատական խմբավորումը: