Նորընտիր պատգամավորները կզրկվեն ամառային հանգստից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին, այս կիրակի։ Դրանից հետո ԿԸՀ-ն կկազմակերպի մանդատների հանձնման արարողությունը։ Թեև, ըստ օրենքի, ընտրություններից երկու շաբաթ հետո պետք է գումարվի խորհրդարանի առաջին նիստը, սակայն, քանի որ ընդդիմադիրները հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում, ուստի առաջին նիստը կգումարվի ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ՝ կախված այն փաստից, թե երբ ՍԴ-ն որոշում կկայացնի։
Իսկ թեկնածուները ՍԴ կարող են դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, այսինքն՝ մինչև հուլիսի 2-ի 18։00-ն։ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, կարող է, իհարկե, նաև ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը։
Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: 8-րդ գումարման խորհրդարանում այդ պատվին կարժանանա 76-ամյա Կնյազ Հասանովը, ով ազգային փոքրամասնության քրդական համայնքի ներկայացուցիչն է, նախորդ գումարման ԱԺ-ում ևս նախագահում էր առաջին նիստը։ 8-րդ գումարման առաջին նիստի օրն էլ կհամարվի նախորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները դադարեցված։ Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։ Հայտնի է նաև երդման տեքստը։
Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը․
- հաշվիչ հանձնախմբի ստեղծում
- Ազգային ժողովի նախագահի ընտրություն
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
- մշտական հանձնաժողովների ստեղծում
- մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։
Ազգային ժողովի նախագահն ԱԺ առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ: Երբ առաջին նիստի գումարմամբ խորհրդարանը համարվում է ձևավորված, հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում՝ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը, որպես կայուն մեծամասնության ներկայացուցիչ, մեխանիկորեն, առանց անվանական քվեարկության, նշանակվելու է վարչապետ, ինչպես եղավ նախորդ ընտրություններին։ Այսինքն՝ խորհրդարանի նիստի մեկնարկից վայրկյաններ անց Փաշինյանը կդառնա ՀՀ վարչապետ։
Իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ հրամանագրում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:
ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ինչն այս դեպքում անիրատեսական է, և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան՝ չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետ, սակայն հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Առաջին նստաշրջանն ավարտվում է խորհրդարանի խոսնակի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ: Նկատի ունենալով սահմանված ընթացակարգերը՝ նորընտիր երեսփոխանները կզրկվեն ամառային հանգստից կամ ընդամենը մեկ-երկու շաբաթ կկարողանան հանգստանալ, քանի որ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից, ըստ օրենքի, կսկսվի հերթական նստաշրջանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։