Բայդենը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների խթանման համար հատուկ բանագնաց է նշանակել
Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը Ջեսիկա Ստերնին նշանակել է Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց` ԼԳԲՏ համայնքի անդամների մարդու իրավունքները խթանելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
«Հատուկ բանագնացը կենսական դեր է ունենալու ամբողջ աշխարհի ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները խթանելու նպատակով նախագահի հուշագրի իրականացման գործում», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ հատուկ բանագնացը կհամախմբի համախոհ կառավարություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, կորպորացիաներին և միջազգային կազմակերպություններին` բոլորի համար արժանապատվությունն ու հավասարությունը պահպանելու համար:
Ներկայում Ստերնը գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցնում OutRight Action International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում: