Մորատա․ Չեմ կարծում, որ մեր հավաքականը Ֆրանսիայից կամ Գերմանիայից թույլ է
Իսպանիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչից առաջ խոսել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ առաջիկա դիմակայության եւ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մասին։
«Ես 15 տարեկանից երազել եմ խաղալ այս մակարդակում։ Սա ամենահրաշալին է։ Խորվաթիայի հավաքականում շատ են բարձր վարպետությամբ ֆուտբոլիստներ՝ Բրոզովիչ, Մոդրիչ, Կովաչիչ։ Շատ պայքար կլինի, յուրաքանչյուրը խաղադաշտում կթողնի բոլոր ուժերը։ Մրցակիցը թույլ չի տա մեզ շատ պահեր ստեղծել։
Ես չեմ կարծում, որ մենք թույլ ենք Ֆրանսիայից կամ Գերմանիայից։ Դեռ կատարելագործելու շատ բան կա, բայց իմաստ չունի մտածել, թե որեւէ մեկից լավն ենք կամ վատն ենք։ Մեր ուժը թիմն է»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Եվրո-2020-ի խմբային փուլում Մորատան մասնակցել է 3 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ: 1/8 եզրափակիչում իսպանացիները Խորվաթիայի հետ կհանդիպեն հունիսի 28-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։