Պրոտասեւիչը եւ Սապեգան տնային կալանքի են ենթարկվել
Ռուս Սոֆյա Սապեգան եւ բելառուս լրագրող Ռոման Պրոտասեւիչը տնային կալանքի են ենթարկվել, գրել է BBC-ն:
Նրանք ձերբակալվել էին մայիսին Մինսկում այն բանից հետո, երբ Աթենքից Վիլնյուս ճանապարհին թռչող Ryanair-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել: Նախօրեին տելեգրամյան ալիքներում մի լուսանկար հայտնվեց, որոնցում ենթադրյալ Պրոտասեւիչը եւ Սապեգան այգում հեռուստատեսությանը հարցազրույց էին տալիս: Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ մեղադրյալների՝ հետաքննություն իրականացնողների հետ համագործակցության միջնորդությունից հետո խափանման միջոցը փոխվել է:
Այժմ Սապեգան միայնակ է Մինսկի վարձակալած բնակարանում, BBC-ին հայտնել են վերջինիս ծնողները: Նրանք Սապեգային տեսել են նախօրեին: Ծնողների խոսքով՝ Սապեգան արդեն երկու-երեք օր է, ինչ տնային կալանքի է ենթարկվել, ինչը անակնկալ է աղջկա ծնողների համար: Սապեգային տնային կալանքի են ենթարկել, եւ որոշվում է ռուս հյուպատոսի կողմից նրան այցի հնարավորության հարցը, հայտնել են ՌԴ դեսպանությունում:
Ռոման Պրոտասեւիչը նույնպես տնային կալանքի է ենթարկվել, պատմել է նրա հայր Դմիտրի Պրոտասեւիչը: «Ինձ համար դժվար է մեկնաբանել իշխանությունների գործողությունները, ինչ նպատակ են նրանք հետապնդում», - ասել է Դմիտրի Պրոտասեւիչը: «Գուցե սա քաղաքական խաղ է»:
Նրա խոսքով՝ Սապեգայի եւ Պրոտասեւիչի դեմ մեղադրանքները չեն հանվել: «Նրանք դեռ լիովին վերահսկվում են իշխանությունների կողմից», - հավելել է հայրը: «Նախաքննությունը շարունակվում է: Փաստաբանը ոչինչ չի ասում, իշխանությունները ոչինչ չեն ասում: Եթե խափանման միջոցը փոխվել է, դա նրանց կենսապայմանների բարելավման համար է: Իսկ թե ինչ կլինի հետո, անհայտ է»:
Ավելի ուշ Բելառուսի քննչական կոմիտեից հայտնել են, որ Սապեգայի եւ Պրոտասեւիչի քրեական գործերի քննությունը շարունակվում է: «Մեղադրյալները հետեւողական խոստովանություններ են անում, եւ օրենսդրությանը համապատասխան, նրանք ավելի վաղ դիմել են միջնորդությամբ՝ հետաքննություն իրականացնողների հետ համագործակցության համար», - ասվում է կոմիտեի տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ: «Դրանից ելնելով եւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեղադրյալների դիմումը քննելուց հետո, հետաքննությունը հնարավոր է համարել այն փոխարինել տնային կալանքով»: