41 տարի ջունգլիներում ապրած վիետնամցին խոստովանել է՝ «կանանց գոյության մասին գաղափար չի ունեցել» (լուսանկարներ)
41 տարի Վիետնամի անտառներում լիակատար մեկուսացման մեջ ապրած տղամարդը կանանց գոյության մասին գաղափար չի ունեցել, հաղորդում է Mirror-ը՝ նշելով, որ Հո Վան Լանգի անսովոր պատմության մասին հայտնի է դարձել դեռևս 2015-ին, իսկ օրերս տղամարդն իրեն «հայտնաբերած և քաղաքակրթություն վերադարձրած լուսանկարչի հետ զրուցել է կանանց մասին գաղափար չունենալու և նոր կյանքին հարմարվելու մասին»։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, այժմ արդեն 46-ամյա Լանգի հայրը 1972-ին Վիետնամի պատերազմի ժամանակ մորը և քույրերին կորցնելուց հետո երկու որդիների հետ «հեռացել է քաղաքակրթությունից և ջունգլիներում բնակություն հաստատել»։ Հայրը և որդիները տարիներ շարունակ սնվել են մեղրով, մրգերով և վայրի կենդանիներով։
«Երբ հեռվից մարդ էին նկատում, փախչում էին»,- 2015-ին ընտանիքի հետ հանդիպումը հիշել է լուսանկարիչ Ալվարո Սերեզոն, որն այժմ վիետնամական փոքրիկ գյուղում ապրող Լանգի հետ այցելել է ջունգլիների իրենց ապաստարան։
Լուսանկարչի հարցին՝ արդյոք նախքան գյուղում ապրելն իմացել է կանանց մասին, Լանգը բացասական պատասխան է տվել՝ նշելով «41 տարի ո՛չ գաղափար է ունեցել կանանց մասին, ո՛չ էլ տեսել է նրանց»։
46-ամյա «Տարզանը» նաև խոստովանել է՝ թեև սկզբում չէր հարմարվում գյուղական կյանքին, այժմ «սկսել է սիրել իր նոր կյանքը»։