Բաքվում հայ ռազմագերիների գործով դատավարության ժամանակ Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել
Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը․ նրանք մեղադրվում են «սադրիչ-ահաբեկչական գործողություններ իրականացնելու» և այլ շինծու հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։
Ըստ մեղադրական եզրակացության` «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա» (չակերտները-Խմբ.):
Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: