Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական կինոյի պատմության լավագույն ֆիլմ է ճանաչվել. Ռոման Բալայանի ֆիլմը 7-րդն է
Կիևում «Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում կայացել է «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը, գրում է AnalitikaUA.net-ը` հավելելով, որ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը լավագույնն է ճանաչվել ուկրաինական կինոյի պատմության մեջ:
Տասնյակում, մասնավորապես 7-րդ հորիզոնականում է հայտնվել Ռոման Բալայանի «Թռիչքներ երազներում և իրականում» ֆիլմը:
Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսից հոկտեմբեր: Հրավիրվել է 97 հարցված, որոնց առաջարկվել է ներառական մոտեցում ուկրաինական կինոնկարների ընտրության հարցում`առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների:Ստացված ցուցակներում, ընդհանուր առմամբ, հիշատակվել է 186 ֆիլմ:
Այդ ցուցակի հիման վրա ընտրվել է 100 լավագույնը: Լավագույնների ցանկում ընդգրկվել է 68 խաղարկային, 26 վավերագրական և 6 անիմացիոն կինոնկար: