«Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է». Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել անհետևանք չթողնել Ադրբեջանի գործողությունները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նրանց դեմ սկսված դատական գործերին:
Դեմոկրատ կոնգրեսականն ահազանգել է մարդու իրավունքների խախտման մասին:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն:
Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,-գրել է Շիֆը:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով հերթական դատավարությունը: Ադրբեջանը նրանց մեղադրում է «դիվերսիայի» և «ահաբեկչության» համար:
Մեղադրական եզրակացությունը հայտարարվել է դատավոր Աֆգան Հաջիևի նախագահությամբ կայացած նիստում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավարտվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և մյուս ռազմագերիների (ընդհանուր 14 մարդ) դեմ քրեական գործի քննությունն ավարտված է և Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի կողմից հաստատված մեղադրական եզրակացության հետ ուղարկվել է դատարան` քննարկման:
Լրատվամիջոցը գրում է, որ հայ գերիների նկատմամբ Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ իբր «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»:
Քրեական գործը հարուցվել է երկրի Քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3, 228.3, 279.2, 318.2 հոդվածներով: