Ռետինե կոշիկներ. ամերիկյան կենդանաբանական այգում արթրիտով հիվանդ պինգվինին օգնելու ուշագրավ միջոց են գտել (լուսանկարներ)
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի կենդանաբանական այգու անասնաբույժները ստորին վերջույթների արթրիտ ունեցող երեսնամյա պինգվին Էնրիկեին օգնելու անսովոր միջոց են գտել, գրում է Mirror-ը՝ նշելով, որ անասնաբույժները պինգվինին ռետինե կոշիկներ են հագցրել, ինչի շնորհիվ կենդանին կարողանում է ազատ տեղաշարժվել։
Նշվում է, որ պինգվինը Սենթ Լուիսի կենդանաբանական այգի է տեղափոխվել 2016-ին․ անցած տարի նրա ստորին վերջույթներում արթրիտ է հայտնաբերվել և չնայած անասնաբույժները փորձել են այն բուժել դեղերի օգնությամբ, Էնրիկեն, ինչպես և մյուս պինգվինները, հաճախ սուզվել է ջրի տակ՝ ոտքից մաքրելով դեղամիջոցները։
Կենդանաբանական այգու աշխատակիցներն այնուհետև որոշել են դիմել շների և կատուների համար կոշիկներ արտադրող Thera-Paw ընկերությանը՝ խնդրելով պինգվինի համար փափուկ ռետինե կոշիկներ պատրաստել։
Ինչպես նշվում է, կոշիկներն առաջին անգամ հագնելիս Էնրիկեն «ոչ մի դժգոհություն չի ունեցել»։