Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ փոխվստահություն ստեղծելու հարցում
Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում:
Ինչպես նշում է news.ru-ն, այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելեց Լավրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։