Թրամփը Սպիտակ տան «գաղտնիքները» բացահայտելու համար Բոլթոնին մաղթել է «մեռնել կորոնավիրուսից»
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներքին գործընթացներն իր գրքում նկարագրելու համար իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին կատակով մաղթել է «մեռնել կորոնավիրուսից», ԱՄՆ-ի 45-րդ նախագահին նվիրված մեկ այլ գրքին հղումով գրում է Axios-ը։
Washington Post-ի լրագրողներ Յասմին Աբուտալեբի և Դամիան Պալետայի «Մղձավանջային իրադարձություններ» (Nightmare Scenario) գրքում նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ խորհրդակցություններից մեկի ժամանակ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Կադլոուն փորձել է զսպել հազը։
«Ամբողջ սենյակը մի պահ քարացավ։ Թրամփը սկսեց թափահարել ձեռքերը՝ ասես փորձում էր մի կողմ վանել վիրուսին, ապա ժպիտով ասաց, որ Լարին իր լավատեսության պատճառով երբեք կորոնավիրուսով չի վարակվի»,- ասվում է գրքի հատվածում։
Գրքի հեղինակները նշում են, որ նախկին նախագահն այնուհետև հիշել է Ջոն Բոլթոնին, որն այդ ժամանակ նոր էր հանրության դատին հանձնել իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը՝ հայտնելով, որ «լիահույս է՝ վերջինս կմեռնի կորոնավիրուսից»։
Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականին և պաշտոնից հեռացել էր 2019 թվականի սեպտեմբերին՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Նրա գիրքը լույս է տեսել 2020 թվականի հունիսին։
Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները հայց էին ներկայացրել Բոլթոնի դեմ՝ փորձելով խոչընդոտել գրքի տպագրությունը: