Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԸՀ-ն երեկ շուրջ 70 ընտրատեղամասերում վերահաշվարկ էր իրականացնում։ Նախօրեին պարզվել էր, որ մի շարք տեղամասերում «Հայաստան» դաշինքի ձայները պակաս են գրանցվել։ Եվ սլաքներն ուղղվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ, որ նորից թվանկարչությամբ են զբաղվել։
Տ․ Մուկուչյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ վերահաշվարկն ընթանում է բաց, թափանցիկ, լրագրողների, դիտորդների, կուսակցությունների ներկայացուցիչների աչքի առջև, և երբ կավարտվի, իրենք տվյալներն ամփոփ կներկայացնեն։
- Միտում չե՞ք տեսնում, որ որոշ տեղամասերում «Հայաստան» դաշինքի ձայները, ասենք, 258 են եղել, բայց գրվել է 0 ձայն, կամ այլ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում 10 անգամ ավելացել են նույն դաշինքի ձայները։
- Ես որևէ միտում չեմ փորձում այդտեղ տեսնել, որովհետև բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, որ այն արդյունքները, որոնք քվեարկությունից անմիջապես հետո ստացվում են, դրանք նախնական տվյալներ են։ Նախնական տվյալները նախ ստացվում են էլեկտրոնային եղանակով, ստացվում են անմիջապես գիշերը, դրա նպատակը հանրային լիակատար թափանցիկության ապահովումն է, բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ ամբողջ գիշերվա ընթացքում մարդիկ աշխատում են, և հնարավոր են նաև տեխնիկական խնդիրներ, թերություններ աշխատանքի մեջ։ Դրա համար էլ օրենքը նախատեսել է վերահաշվարկի ինստիտուտը։
- Այս վերահաշվարկը, ըստ Ձեզ, ձայների վերջնական պատկերում էական բան կփոխի՞։
- Դժվարանում եմ ասել, համենայնդեպս, մինչ այս պահը ստացված տեղեկատվությունը, որը կա, վկայում է ոչ էական փոփոխությունների մասին։ Այնուամենայնիվ, պետք է սպասենք, վերջնահաշվարկը կավարտվի, դրանից հետո կլինեն թվերը, որից հետո կկազմվի ընտրության արդյունքների արձանագրություն, կկայացվի համապատասխան որոշում, դրանից հետո նոր միայն մանդատների հաշվարկը տեղի կունենա։
- Այս պահի դրությամբ ո՞ր քաղաքական ուժը քանի մանդատ է ունենալու խորհրդարանում։
- Այս փուլում մենք մանդատների հաշվարկ չենք իրականացրել, որովհետև կարծում ենք, որ ամեն գործառույթ պետք է իրականացվի իր ժամկետներում։
- Այսինքն՝ այն, որ 107 պատգամավոր է լինելու, որից 71-ը՝ ՔՊ-ից, դա դեռ վերջնական չէ։
- Ես որևէ թիվ այդ կապակցությամբ չեմ հնչեցրել, որովհետև կան գործառույթներ մեզ համար նախատեսված, այդ գործառույթները մեկը մյուսին են հաջորդում, և արդյունքում, երբ հասնում է այդ փուլը, որ պետք է իրականացվի մանդատների հաշվարկը, նոր միայն իրականացվում է։ Կիրակի օրը կավարտվի, պարզ կդառնա, թե ընտրության արդյունքներով ինչ որոշում է ընդունվում, դրանից հետո նախատեսվում է, որ մանդատների բաշխումը ևս իրականացվում է այդ նիստի ընթացքում։ Այնուհետև, մենք գիտենք, որ գոյություն ունի սահմանադրական վիճարկման ժամկետ, բնականաբար, կսպասենք այդ վիճարկման ժամկետին, այն է՝ արդյունքների ամփոփման հինգերորդ օրը։ Եթե լինում է դիմում, բնական է, պետք է սպասել դիմումի քննության ավարտին, եթե չի լինում, ապա ԿԸՀ-ն արձանագրությամբ կտրամադրի մանդատներն ու կհայտարարի առաջին նիստի օրը։ Եթե կլինի դիմումով քննություն, այդ ամբողջը կարվի արդեն քննությունից հետո։
- Պարոն Մուկուչյան, Ձեր նկատմամբ ճնշումներ գործադրվե՞լ են այս օրերին։
- Որևէ ճնշում գոյություն չունի, անհասկանալի է, ընդհանրապես, ինչո՞ւ է նմանատիպ հարց առաջանում, որովհետև կա գործընթաց, այն հստակ կազմակերպված է՝ այն աստիճան թափանցիկ և տեսանելի, որ թերևս նման հրապարակայնության պայմաններում անգամ որևէ այլ միջամտություն իրականացնելու հնարավորությունն է ուղղակիորեն արդեն բացառված։
- Այդ դեպքում ի՞նչը Ձեզ ստիպեց թույլ տալ, որ նախաքննական մարմինը կալանավորման որոշում կայացնի «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ։
- Նախ սկսենք հետևյալից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, բացի դրանից, քննարկվել են այլ միջնորդություններ ևս։ ԿԸՀ-ի նշված գործառույթը, որը նախատեսված է, առավել ևս, որ նման ինստիտուտ մենք առաջին անգամ էինք կիրառում, մեր կարծիքով՝ այդ ինստիտուտն այնպիսին է, որ մեզանից ընդամենը հայցվում է համաձայնություն՝ հետագա գործառույթներ իրականացնելու համար։
- Բայց դուք կարող էիք չտալ այդ համաձայնությունը՝ լավ իմանալով, որ դրա տակ կա քաղաքական հետապնդման ենթատեքստ։
- Ամբողջ խնդիրը հետևյալն է, երբ որ կա որոշակի կասկածանք, որը ներկայացվում է, մյուս կողմը հերքում է կամ ընդունում է, դա թողնենք մի կողմ, ամեն դեպքում, կան որոշակի հարցադրումներ, մեր մոտեցումն էնպիսին է, որ ցանկացած նմանատիպ հարցադրումներ, որոնք վերաբերում են ընտրական իրավահարաբերությունների ժամանակ տեղի ունեցող այս կամ այն արարքին, ճիշտ կլինի դրանց ամբողջական քննությունը։
- Բայց մենք տեսնում ենք, որ ԿԸՀ-ն թույլ է տվել միայն ընդդիմադիր ուժերի թեկնածուների մասով հետապնդում իրականացնել, մինչդեռ բազմաթիվ հրապարակումներ եղան, որ իշխանական թեկնածուներն են խախտումներ թույլ տվել։
- Խնդիրը հետևյալն է․ մենք իրականացրել ենք մեր գործառույթը՝ մեզ ներկայացված միջնորդությունների համատեքստում։ Այնպես չի եղել, որ մեզ ներկայացրել են տարբեր միջնորդություններ, և դրանց նկատմամբ մենք ունեցել ենք տարբերվող դիրքորոշումներ։
- Բայց Դուք տեսել եք հրապարակումներ, չէ՞, թե ինչպես են իշխանական թեկնածուները խախտումներ թույլ տալիս, բայց նրանց նկատմամբ գործ չի հարուցվել։
- Գիտե՞ք, էսպես ասեմ՝ մենք փորձում ենք ընտրական գործընթացի կազմակերպման ամբողջ ընթացքում զերծ մնալ քաղաքական մոտեցումներից, որովհետև մեր մոտեցումները բացառապես իրավական են, գնահատականներն էլ բացառապես իրավական են։
- Տեղեկություն կար, որ կոնկրետ Արմեն Չարչյանի մասով Դուք ճնշումների եք ենթարկվել իշխանությունների կողմից, փորձել եք դիմադրել՝ չտալ համաձայնություն, բայց Ձեզ ստիպել են։
- Ես կարծում եմ՝ Ձեր ունեցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այո, միջնորդությունը ներկայացվել էր ավելի շուտ, քան մենք այն քննեցինք, բայց պետք է նկատի ունենանք, թե ինչ ժամանակային ռեժիմի մեջ էր աշխատում ԿԸՀ-ն։ Մասնավորապես, քվեարկության նախորդ օրը ահռելի աշխատանքի ծավալ, և մենք ունեինք նույնիսկ դիմումներ, որոնց քննությունը մենք ավարտել ենք կեսգիշերից ընդամենը րոպեներ առաջ, երբ ժամկետը սահմանված էր մինչև կեսգիշեր։ Այսինքն՝ գերծանրաբեռնված գրաֆիկի մեջ ենք եղել ամբողջ կազմով։
- Դուք դա այդպես եք ասում, բայց հասարակության մոտ կա կասկած, որ Մուկուչյանին ճնշել են։
- Դրա համար էլ ես պարզաբանեցի, թե ինչպիսի ժամանակային ռեժիմների մեջ է աշխատել հանձնաժողովը։ Եվ դրանք էնպիսի բաներ չեն, որոնք բարդ է ստուգել կամ բարդ է համոզվել դրանցում, որովհետև իրականում էս ընտրությունների հետ կապված՝ ես առիթ ունեցել եմ բազմիցս նշելու, որ աշխատանքի ահռելի ծավալ էր և խիստ կարճ ժամկետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։