ԱՄՆ-ում դատարանը Կապիտոլիումի վրա ամբոխի հարձակման գործով առաջին դատավճիռն է կայացրել
ԱՄՆ-ում դատարանն այս տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա ամբոխի հարձակման գործով առաջին դատավճիռն է կայացրել, հաղորդում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, Ինդիանա նահանգի բնակիչ Աննա Մորգան Լլոյդը դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման․ այդ ընթացքում նա չի կարող զենք ունենալ, ինչպես նաև պետք է 120 ժամ հասարակական աշխատանք կատարի և 500 դոլարի չափով տուգանք վճարի:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել դատարանից, ամերիկացի ժողովրդից և իմ ընտանիքից։ Ես այնտեղ էի իմ աջակցությունը նախագահ Դոնալդ Թրամփին հայտնելու համար, բայց հիմա ամաչում եմ, որ այդ ցույցերը բռնությամբ ավարտվեցին։ Ես երբեք այնտեղ չէի գնա, եթե իմանայի, որ ամեն ինչ այդպիսի ավարտ կունենա»,- դատավճռի կայացման ժամանակ հայտարարել է 49-ամյա կինը։
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:
Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին պաշտոնյային: