Իռլանդիայում դատարանը հյուրանոցին պարտավորեցրել է 30 հազար դոլար փոխհատուցում վճարել տղամարդուն, որը լոգարանում անսարքության պատճառով վնասել է ոտքի բութ մատը
Իռլանդիայում դատարանը հայտնի հյուրանոցին պարտավորեցրել է 30 հազար դոլար փոխհատուցում վճարել տղամարդուն, գրում է Luxury Launches-ը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել այն դեպքից հետո, երբ հյուրանոցի համարներից մեկի լոգարանի պատին ամրացված շամպունի տարան ընկել և վնասել է 38-ամյա Մարկ Գալահերի ոտքի բութ մատը։
Դատավոր Ջեյմս Մաքորթի խոսքով՝ Դուբլինում գտնվող The Marker Hotel հյուրանոցում տեղի ունեցած դեպքն «անդառնալի հետևանքներ է ունեցել 38-ամյա շինարարի առողջության վրա»։
Դատավորը նաև հավելել է, որ բժշկական եզրակացությունները ցույց են տվել՝ Գալահերը նախքան դժբախտ պատահարն աջ ոտքի ոտնաթաթի հատվածում արթրիտ է ունեցել, իսկ լոգանք ընդունելիս ստացած հարվածն էլ ավելի է բարդացրել ոտքի վիճակը, ըստ այդմ՝ դատարանը հյուրանոցին պարտավորեցրել է 30 հազար դոլար վճարել տղամարդուն, որպեսզի վերջինս «կարողանա վճարել բժշկական ծախսերը»։