Մուտաքագրել են հոգնած, հապճեպ, կարող են լինել նաեւ սխալներ. ԿԸՀ քարտուղարը՝ քվեների անճշտությունների մասին
Վերահաշվարկի ընթացքում ի հայտ եկած՝ մեծ թվով քվեների անճշտությունների դեպքերով ընտրական հանձնաժողովները դիմում են դատախազություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Եթե ընտրատեղամասի արդյունքները վերահաշվարկի ժամանակ էապես փոխվում են, այդ դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովն ուղարկում է տվյալները դատախազություն եւ արդեն իրավապահները պարզում են՝ դա թյուրիմացության արդյունք է, թե դիտավորության»,– ասաց նա։
Այսօրվանից վերահաշվարկ է սկսվել 80 ընտրատեղամասում՝ մեծ մասը տարածքային ընտրական հանձնաժողովների նախաձեռնությամբ։
«Սա սովորական գործընթաց է, մենք գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ունեցել ենք վերահաշվարկ, արտառոց ոչինչ չկա։ Եվ 80 թիվը տեղամասերի համար շատ էլ չի։ Մենք մի անգամ Երեւանի ընտրությունների ժամանակ 80 ավելի տեղամասեր վերահաշվարկի ենք ենթարկել»,– նշեց Սմբատյանը։
Վերահաշվարկի ընթացքում «Հայաստան» դաշինքն արդեն մի քանի ընտրատեղամասերում կորցրած քվեների մասին է ահազանգել։ Օրինակ Կապանում 295 քվեի փոխարեն մուտք է արվել 0, մեկ այլ ընտրատեղամասում՝ 100-ի փոխարն՝ 10, մեկ ուրիշում՝ 49-ի փոխարեն 4: Արմեն Սմբատյանի կարծիքով՝ այդ անճշտությունները հիմնականում տեխնիկական բնույթի սխալներ են։
«Չեմ կարող որակել՝ տեխնիկական են այդ անճշտությունները, թե դիտավորություն, բայց կարող եմ ասել, որ դրանք մասսայական չեն եւ կարող ենք գտնել բոլոր կուսակցությունների թվերում։ Թաքցնելու ոչինչ չկա, պարզ է՝ դա բոլորի համար տեսանելի է, մեր կայքում կա աղյուսակավորում ամեն տեղամասի, ամեն թվի վերաբերյալ։ Իհարկե, ոչ մեկ սխալներից ազատված չի, 100 հազարից ավելի տվյալ է մուտքագրվել 3-ին, 4-ին, մինչեւ առավոտյան 6-ը, եւ մուտաքագրվել է հոգնած, արագ, հապճեպ երբեմն, դրանց մեջ կարող են լինել նաեւ սխալներ, կարեւորը, որ արդյունքների վրա դրանք չազդեն։ Պատկերացրեցք՝ տվյալները գիշերը որ ժամին են մուտք արվել, որքան հոգնած, եւ, պատկերացրեք, թե որքան թերություններ կարող էին լինել։ ԿԸՆ–ն բոլոր 2008 արձանագրությունից եւս մեկ անգամ մուտքագրում է»,– ասաց Սմբատյանը։
Վերահաշվարկը կարող է տեւել մինչեւ ուրբաթ։