Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը Դոնալդ Թրամփի՝ «կեղծված ընտրությունների» վերաբերյալ մշտական գանգատների ֆոնին խուսափում են նրա հետ շփումներից․ CNN
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում պարտությունից ամիսներ անց չի դադարում դժգոհել և վիճարկել ընտրությունների արդյունքները՝ հեռու վանելով նույնիսկ իր ամենամտերիմ մարդկանց՝ ավագ դուստր Իվանկա Թրամփին և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին։
Ինչպես CNN-ին հայտնել են Թրամփի նախկին վարչակազմի ներկայացուցիչները, Սպիտակ տան նախկին ղեկավարը կարող է ժամեր շարունակ դժգոհել 2020-ի «կեղծված ընտրությունների» արդյունքներից, ու թեև նա դեռ ունի ունկնդրողների մեծ բանակ, Թրամփի և նրա նախկին ավագ խորհրդականների միջև «անջրպետը գնալով խորանում է»։
Հեռուստաալիքը հայտնում է, որ վերջին 5 տարիներին մշտապես Թրամփի կողքին գտնվող զույգը հունվարից ի վեր հազվադեպ է հանդիպում նրա հետ և չի ներկայանում նրա կազմակերպած միջացառումներին։
Քուշներին մոտ կանգնած աղբյուրն, իր հերթին, հաղորդել է՝ վերջինս մտադիր չէ ներգրավվել Թրամփի «Փրկի՛ր, Ամերիկան» նախաձեռնությանը, որի շրջանակներում Սպիտակ տան նախկին ղեկավարը նախատեսում է հանրահավաքներ անցկացնել։