Հարավաֆրիկուհին, որը շաբաթներ առաջ պնդել էր՝ միաժամանակ 10 երեխա է լույս աշխարհ բերել՝ հայտնվելով առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժարան է տեղափոխվել․ ԶԼՄ-ներ
Հարավաֆրիկացի կինը, որը հունիսի սկզբին պնդել էր՝ միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերել և հայտնվել առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում, հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել, գրում է New York Post-ը։
Ինչպես հաղորդում է թերթը, 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլի երեխայի հոր հարազատները թերահավատորեն են վերաբերվում 10 երեխա լույս աշխարհ բերելու նրա պնդումներին՝ հայտնելով, որ կինը հրաժարվում է «ցույց տալ երեխաներին»։
«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ հղիություն չի եղել։ Հետազոտությունը նաև ցույց է տվել՝ ոչ մի սպի չկա, որը կմատնանշեր, որ կեսարյան հատում է եղել»,- տեղական թերթերից մեկին հղումով գրում է New York Post-ը։
Ընդ որում, ինչպես իրենց հայտարարության մեջ նշել են ենթադրյան երեխաների հոր հարազատները, վերջինս «փորձել է մի քանի անգամ այցելել ընկերուհուն, սակայն Սիտհոլը չի հայտնել՝ որտեղ է գտնվում»։
Առողջապահության տեղական պաշտոնյաները նաև հայտարարել են, որ տարածաշրջանի ոչ մի մասնավոր և պետական հաստատություններում 10 երեխաների ծննդյան մասին հաղորդումներ չեն եղել։