Թրամփը համավարակի սկզբում առաջարկել է կորոնավիրուսով հիվանդներին ուղարկել «Գուանտանամո» բանտ. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսային համավարակի սկզբում առաջարկել է հիվանդներին ուղարկել Կուբայի տխրահռչակ «Գուանտանամո» բանտ: Ինչպես գրում է Mirror-ը, այս մասին գրում են The Washington Post-ի թղթակիցներ Յասմին Աբութալեբն ու Դեմիանա Պալետին իրենց «Մղձավանջի սցենար» գրքում:
Գրքի հեղինակները նշում են, որ Թրամփը, փորձելով պայքարել երկրում վարակի տարածման դեմ, 2020-ի փետրվարին Սպիտակ տանը կայացած նիստին առաջարկել է Կուբայում գտնվող ամերիկյան բանտն օգտագործել վարակված քաղաքացիների մեկուսացման համար:
Հեղինակների պնդմամբ` Թրամփը հարցրել է իր օգնականներին. «Մի՞թե մենք չունենք մեր սեփական կղզին: Իսկ Գուանտանամո՞ն »: Լրագրողները նշում են, որ Սպիտակ տան աշխատակիցները թույլ չեն տվել նախկին նախագահին իրականացնել իր գաղափարը:
Նշվում է, որ Թրամփն առաջին անգամ չէ, որ առաջարկել է «Գուանտանամո»-ն օգտագործել խնդիրները լուծելու համար: Մայլզ Թեյլորի «Անանունի կողմից նախազգուշացում» գրքում ասվում է, որ քաղաքական գործիչը պատրաստվում էր անօրինական միգրանտներին ուղարկել այս բանտ: