Նոր հրապարակված լուսանկարը բացահայտել է Դուբայի «գերեվարված» արքայադստեր գտնվելու վայրը (լուսանկար)
Instagram սոցկայքում հրապարկվել է լուսանկար, որից կարելի է տեղեկանալ, որ Դուբայի կառավարչի դուստրերից մեկը` արքայադուստր Լատիֆան, որն ավելի վաղ հայտարարել էր «գերեվարված» լինելու և իր կյանքի համար անհանգստանալու մասին, գտնվում է Մադրիդի օդանավակայանում:
Ինչպես գրում է BBC-ն, փետրվարին արքայադուստրը հանդես էր եկել տեսաուղերձով` հայտարարելով, որ հոր կարգադրությամբ իրեն գերի են պահում վիլլայում և որ ինքն անհանգստանում է կյանքի համար: Տեսանյութի տարածումից հետո ՄԱԿ-ը հստակ ապացույցներ է պահանջել առ այն, որ Լատիֆան ողջ է:
Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես հայտարարել էր, որ արքայադուստրը խնամքի տակ է գտնվում տանը և հարկ եղած դեպքում կներկայանա հանրությանը:
Ինչ վերաբերում է ինստագրամյան հրապարակմանը, ապա այն արվել է Սիոնիդ Թեյլորի էջում, որտեղ մայիսի կեսից ի վեր սա Լատիֆայի մասնակցությամբ արդեն երրորդ լուսանկարն է: Թեյլորն ապրում է Դուբայում և արքայադստեր ընկերուհին է:
«Հրաշալի եվրոպական արձակուրդ Լատիֆայի հետ: Մենք զվարճանում ենք»,-լուսանկարին կից գրել է Թեյլորը:
«Ազատեք Լատիֆային» արշավի համահիմնադիր Դևիդ Հայը, իր հերթին, հայտարարել է, որ արքայադուստրը կապվել է իրենց թիմի ներկայացուցիչների հետ, սակայն չի ասել` թե ինչի մասին է զրույցը եղել: