Բաքուն քննարկումներ է անցկացնում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` Ակնա, Վարանդա և Շուշի կատարելիք այցի վերաբերյալ
Ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը և կոչ է արել կազմակերպությանն արագացնել այդ գործընթացը: Minval.az-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հաղորդվում է, որ վերջերս, մասնավորապես, քննարկումներ են տեղի ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության`Աղդամի (Ակնա) և Ֆիզուլիի (Վարանդա) շրջաններ, ինչպես նաև Շուշի այցի վերաբերյալ:
«Ադրբեջանական կողմի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև անցկացված քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի` հակամարտությունից տուժած տարածքում առաքելության իրականացման մասին: Ադրբեջանն ամբողջովին պատրաստ է ընդունել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելությանը: Ներկա պահին պատասխանի ենք սպասում երկու կազմակերպությունից»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։