ԱՄՆ պետքարտուղարության շենքից առաջին անգամ դրոշ կկախվի` հաջակցություն ԼԳԲՏ համայնքի
ԱՄՆ իշխանությունները հունիսի վերջին առաջին անգամ դրոշ կկախեն Վաշինգտոնում Պետքարտուղարության շենքի վրա` հաջակցություն սեռական փոքրամասնությունների: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ատլանտյան խորհրդի կազմակերպած տեսաժողովում:
Նրան հարց են ուղղել առ այն, թե ողջունում է արդյոք ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ԼԳԲՏ համայնքի խորհրդանշանի ցուցադրումը արտերկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա:
«Իմ պատասխանն է այո: Մենք համապատասխան լիազորություններ ենք տվել մեր դեսպաններին ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Բլինկենը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համապատասխան միջոցառումներ են իրականացվում` հաշվի առնելով իրադրությունն այս կամ այն երկրում:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ամսվա վերջին առաջին անգամ Պետքարտուղարության շենքից նույնպես կկախվի առաջընթացի դրոշը (ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշի տարատեսակ` սև, շագանակագույն, վարդագույն, երկնագույն և սպիտակ գույները ևս ներառող` հաջակցություն գունավոր բնակչության և տրանսգենդերների)»,- ասել է Բլինկենը: