«Ավելի դառը հիասթափություն կառաջանա». Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացում է արել ԱՄՆ-ին
Հիասթափությունից խուսափելու համար ԱՄՆ-ն պետք է զգուշորեն վերաբերվի Փհենյանից եկող ազդանշաններին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը` Կիմ Յո Չժոնը, որը զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի քարոզչության բաժնի ղեկավարի պաշտոնը, հայտնում է iz.ru-ն:
«Թվում է` ԱՄՆ-ն իրավիճակը մեկնաբանում է այնպես, որ իրեն հանգստացնի: Կեղծ սպասումներն էլ ավելի դառը հիասթափություն կառաջացնեն»,-ասված է նրա հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այսպիսով Կիմ Յո Չժոնը պատասխանել է հունիսի 20-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի ասածին: Ամերիկացի պաշտոնյան նշել էր, որ Վաշինգտոնը հետաքրքրական է համարել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունն առ այն, որ Փհենյանը պատրաստակամ է ամերիկյան իշխանությունների հետ ինչպես երկխոսությանը, այնպես էլ առճակատմանը:
Սալիվանն ասել էր նաև, որ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հասկացրել է Հյուսիսային Կորեայի հետ խորհրդակցություններ սկսելու պատրաստակամության մասին, որի նպատակն է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Սալիվանը շեշտել է, որ ԱՄՆ-ն Փհենյանից «ավելի հստակ ազդանշան» է ակնկալում այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: