4 ամսում Հայաստանից 370,7 մլն դոլարի գումար է արտահոսել
Հայաստան հոսող եւ արտահոսող փողերի վիճակագրությունը վկայում է, որ դրսում աշխատողներն օգնում են իրենց ընտանիքներին կամ ֆինանսական հոսքերը բարեգործական են, իսկ արտագաղթի մտադրություն ունեցողները փողը դուրս են բերում ֆինանսական հենարան ստեղծելու նպատակով։
Գործող իշխանությունների տնտեսական հույսերից մեկն, այս տարվա հետ կապված, իրականանում է։ Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները սկսել են գումարներ ուղարկել իրենց հարազատներին։ Երկրների միջև մարդկանց ազատ տեղաշարժի արգելքի վերացումը հանգեցրեց արտագաղթի աճին, որն էլ նպաստում է դեպի Հայաստան տրանսֆերտների ավելացմանը։ Բացի այդ, արցախյան վերջին պատերազմի զոհերի ընտանիքների և վիրավորների համար տարբեր բարեգործական ծրագրերով խոշոր գումարներ են փոխանցվում Հայաստան։
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 574 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 129,8 մլն դոլարով կամ 29,2%-ով։ Այս տարվա չորս ամիսների ընթացքում Ռուսաստանից տրանսֆերտների ներհոսքը աճել է 18,9 մլն դոլարով կամ 9,5%-ով, իսկ ԱՄՆ-ից՝ 84,1 մլն դոլարով կամ կրկնակի։
Հունվար-ապրիլ ամիսներին զգալի ավելացել է նաև Հայաստանից գումարների արտահոսքը, ինչը խիստ մտահոգիչ է։ Մասնավորապես՝ Հայաստանից արտերկիր է փոխանցվել 370,7 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 39,4 մլն դոլարով կամ 11,9%-ով: Ուշագրավ է, որ այս ժամանակահատվածում 23,9%-ով ավելացել է դեպի ԱՄՆ գումարների արտահոսքը, իսկ դեպի Ռուսաստան գումարների արտահոսքի տեմպը կազմում է 13,1%, որը գերազանցում է Ռուսաստանից եկող գումարների ներհոսքի տեմպին (9,5%)։