Բաքվի քաղաքականությունն անփոփոխ է. շանտաժ և սպառնալիքներ՝ համագործակցության առաջարկի քողի տակ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շատ երկիմաստ առաջարկ է արել Հայաստանին:
«Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, այդ ուղղությամբ Բաքուն առաջարկ է արել Երեւանին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Բայրամովը:
«Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, այն մնում է անփոփոխ: Այն բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի վրա, (Հայաստանի հետ - խմբ.) հարաբերությունների կարգավորման կողմնակից է, եւ այս ուղղությամբ առաջարկ է արվել»,- ասել է Բայրամովը: Նրա խոսքով՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:
Ադրբեջանական դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա պետք է որպես հայերին եւ Հայաստանին ուղղված նախազգուշացում հասկանալ՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի տարածքների մի մասից, գուցե նույնիսկ՝ ամբողջ Սյունիքից, քանի որ այդպես է Ադրբեջանը տեսնում Ադրբեջանի առաջին Հանրապետության «տարածքային ամբողջականությունը», որի իրավահաջորդը ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունն է, եւ որի համապատասխան քարտեզներն արդեն տպագրվել են Ադրբեջանում: Առայժմ հայերին գթասրտորեն թույլատրվում է ապրել Հայաստանի մնացած տարածքում՝ չնայած ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ Հայաստանի մայրաքաղաքն «Իրեւան» են կոչում: