ԱՄՆ-ն ձախողվել է. Աֆղանստանի նախկին նախագահ
Միացյալ Նահանգները մտել էին Աֆղանստան, որպեսզի պայքարեն ծայրահեղականության դեմ եւ կայունություն բերեն պատերազմից խոշտանգված երկրում, եւ հեռանում են շուրջ 20 տարի անց՝ երկու ուղղություններում էլ ձախողվելով: Այդ մասին Associated Press -ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը:
Նրա խոսքով՝ ծայրահեղականությունը գագաթնակետին է հասել, իսկ (ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի) հեռացող զորքերն իրենցից հետո աղետ են թողնում:
«Միջազգային հանրությունը եկել էր այստեղ 20 տարի առաջ ծայրահեղականության դեմ պայքարելու եւ կայունություն ապահովելու հստակ նպատակով, սակայն այսօր ծայրահեղականությունը գտնվում է գագաթնակետին: Այնպես որ նրանք ձախողվել են»,-ասել է նա: Նրանց ժառանգությունը պատերազմից ավերված ազգն է, որը գտնվում է «լիարժեք աղետի վիճակում»:
«Մենք, աֆղանցիներս, խոստովանում ենք մեր անհաջողությունները, սակայն ի՞նչ ասենք ավելի խոշոր ուժերի եւ տերությունների մասին, որոնք եկել են այստեղ որոշակի նպատակներով: Ո՞ւմ վրա են նրանք մեզ թողնում: Լիարժեք խայտառակություն եւ աղետ է»: