«Սա այն ազդանշանը չէ, որը ստացել ենք գագաթնաժողովից հետո». ՌԴ դեսպանը` ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների պատրաստման մասին
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ իմացել է ԱՄՆ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին՝ Ռուսաստանից ԱՄՆ վերադառնալիս: Նրա կարծիքով՝ պատժամիջոցների միջոցով հնարավոր չէ կայունացնել հարաբերությունները: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«Այս պատժամիջոցների մասին ես լսել եմ օդում: Մեկ րոպե առաջ եմ իջել ինքնաթիռից: Բայց ես կարող եմ ասել. սա այն ազդանշանը չէ, որ բոլորն ստացել են գագաթնաժողովից հետո: Կարծում եմ, որ անհնար է կայունացնել հարաբերությունները պատժամիջոցների միջոցով, հարաբերություններ հարթել երկու երկրների միջև»,- լրագրողներին ասել է Անտոնովը:
Դեսպանը հայտարարել է, որ ռուս դիվանագետները պատրաստ են աշխատել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շտկման ուղղությամբ: Նրա խոսքով՝ իր առջև խնդիր է դրված «իրականացնել այն դրական խոսքերը, որոնք ասել են նախագահները»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ն «պատժամիջոցների նոր փաթեթ» է պատրաստում Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: