Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները
Ռուսաստանը միշտ օրինաչափ է արձագանքել Միացյալ Նահանգների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառմանը: Այսպես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Վաշինգտոնը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Մոսկվայի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Վաշինգտոնից հաղորդումներ կան, որ մեր երկրի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստվում: Տեղի պաշտոնյաները «Հյուսիսային հոսք 2»-ը կապել են Նավալնիի հետ: Միացյալ Նահանգների անօրինական գործողություններին միշտ հետևել է մեր օրինաչափ պատասխանը: Տարօրինակ է, որ Վաշինգտոնում որոշ մարդկանց այդքան դուր է գալիս կարուսելային խոչընդոտավազքը»,-ասել է նա:
Զախարովան հավելել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով`փորձում է լուծել սեփական ոչ մրցունակության խնդիրները:
«Ինչ վերաբերում է տնտեսական նախագծի, որի մասնակիցները մասնավոր օպերատորներ և անկախ պետություններ են, Նավալնիի հետ կապելուն, ամերիկացի գաղափարախոսները բացահայտվել են. նրանց պետք է ենթադրյալ թունավորման շուրջ ամբողջ աղմուկը` որպես իրենց սեփական անմրցունակության խնդիրները լուծելու գործիք»- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ն «պատժամիջոցների նոր փաթեթ» է պատրաստում Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: