Գամալեայի կենտրոնի ղեկավարը կորոնավիրուսի դեմ պատվաստվողներին խորհուրդ է տվել խուսափել գերտաքացումից
ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը քաղաքացիներին, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին, կոչ է արել խուսափել շոգ եղանակին գերտաքացումից: ՏԱՍՍ գործակալությքան փոխանցմամբ` վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատվաստումից հետո լողալու համար հակացուցումներ չկան, սակայն կարևոր է խուսափել երկարատև լողից:
Ռուսաստանի Հիդրոմետկայանի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդն ավելի վաղ հայտնել էր, որ ուժեղ շոգ եղանակը Մոսկվայում կպահպանվի հունիսի 19-ից մինչև 23-24-ը: Ջերմաստիճանը հունիսի 23-ին կարող է հասնել 34 աստիճանի` ըստ Ցելսիուսի: Միևնույն ժամանակ նշվում է, որ փոթորկի նախազգուշացում է տրվել:
Պատասխանելով հարցին` արդյոք կարելի է պատվաստումից հետո լողալ ջրում, գիտնականը նշել է, որ որևէ հակացուցումներ չկան, կարևոր է միայն մարաթոնյան երկարությամբ չլողալ և գերտաքացումից խուսափել:
Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտարարել են մարդկանց որոշակի խմբերի` կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման անհրաժեշտության մասին: Խոսքը առևտրի, հասարակական սննդի, էներգետիկայի, կրթության, առողջապահության և տրանսպորտի ոլորտի աշխատակիցների մասին է:
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը ստեղծվել է Գամալեայի կենտրոնում: