«Բայդենի հետ հանդիպմանը Պուտինը նման էր Ջեյմս Բոնդին». սենատոր Պուշկով
ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ալեքսեյ Պուշկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ժնևում ԱՄՆ պաշտոնակցի հետ հանդիպմանը համեմատել է հայտնի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի հետ:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սենատորի կարծիքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ ելույթներ էր ունենում գագաթնաժողովի նախօրեին, իսկ հենց հանդիպմանը «նկատելիորեն գունատ» տեսք ուներ: Պուշկովը կարծում է, որ Բայդենը ցանկանում էր հանդիպմանը ներկայանալ Ջեյմս Բոնդի ոճով` «արևային ակնոցով, որում «քաղաքական թիրախի» տեսքով արտացոլվում է Պուտինը»:
«Բայդենը ցանկանում էր իրեն ցույց տալ որպես աշխարհի առաջին և գլխավոր քաղաքական գործիչ: Հենց դրա համար էլ նա գագաթնաժողով էր նախաձեռնել, սակայն հենց դա նրան չհաջողվեց»,- գրել է Պուշկովն իր թելագրամյան ալիքում:
Վերջինս ընդգծել է, որ Պուտինը գագաթնաժողովում շատ ավելի վստահ և հաղթական տեսք ուներ, քանի որ Բայդենն ընդամենը 7 լրագրողի է ընտրել, որպեսզի պատասխանի նրանց հարցերին, իսկ իր խոսքն ընթերցում էր թղթից:
«Այնպես որ այդ հանդիպմանը քաղաքականության Ջեյմս Բոնդի տեսք ավելի շատ ուներ Վլադիմիր Պուտինը, որը պատրաստ էր պատասխանել ցանկացած հարցի և ինքնավստահ էր»,- եզրափակել է Պուշկովը:
Հիշեցնենք, որ Բայդենի և Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին Ժնևում: Բանակցությունները տևել են 4,5 ժամ: Դրանց ավարտին Պուտինը հայտարարել է, որ Բայդենի հետ պայմանավորվել է միջգերատեսչական մակարդակով խորհրդակցություններ սկսել ռազմավարական կայունության հարցով: