Paris Rapid & Blitz. Արոնյանը ոչ ոքի խաղաց Ռապորտի և Սոյի հետ, պարտվեց Նեպոմնյաշչուն
Փարիզում շարունակվում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը։
Լեւոն Արոնյանը արագ խաղի 6 տուրից հետո 12 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ չորրորդ տեղում է։
Հայ գրոսմայստերը երկրորդ օրը ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։
Առաջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, հաղթել ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին։
Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, կայծակնային խաղում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր։
Հունիսի 20-ին Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը։
Այնուհետեւ երկու օրում կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։
Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։