Սուսաննան ու իր դուստրը կազմակերպել էին Արմինեի՝ Դուբայում պոռնկությամբ զբաղվելը
42-ամայ Սուսաննա Հրանտի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնավաճառության նպատակով ՀՀ-ից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր՝ Արմենուհի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս պահանջով, իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց: Ապա 2012թ. դեկտեմբեր ամսին, ընկերուհուց' Լուսինե Զաքարյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհի Արմինե Ավետիսյանը, հանդիպել է վերջինիս հետ, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու. սննդի և այլ հարցերը' հետագայում վերադարձնելու պայմանով, նշել, որ վերջինս կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:
Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով Արմինե Ավետիսյանի համար ձեռք է բերել Երևան - Դուբայ չվերթի ուղետոմս և 2012թ. դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Դուբայ ճանապարհել նրան, որտեղ վերջինս շուրջ մեկուկես ամիս Արմենուհի Պետրոսյանի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկանում ենք, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Սուսաննա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ մի քանի անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելու համար, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով' անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով' մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
Սուսաննա Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: