Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Իբրահիմ Ռաիսիին՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կամրապնդեն իրենց հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։
Ասադն իր հեռագրում ընդգծել է «երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով նորընտիր նախագահի հետ աշխատելու ցանկության և շահագրգռվածության մասին»։
«Ընտրություններում հաղթանակը վկայում է Իրանի բարեկամ ժողովրդի՝ ձեզ նկատմամբ վստահության մասին»,- ասված է հեռագրում։
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները կայացել են նախօրեին․ Ռաիսին ստացել է 17,9 մլն ձայն՝ դառնալով երկրի նոր նախագահը։
Հիշեցնենք՝ ի սկզբանե 7 թեկնածու է մրցել Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից 3-ը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի, 2 այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի, ինչպես նաև ռեֆորմատոր և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցել ընտրություններին, քանի որ այլևս չէր կարող իր թեկնածությունն առաջադրել: