Դիջեյ Դևիդ Գետտան վաճառել է իր ողջ երաժշտության իրավունքները
Ֆրանսիացի դիջեյ Դեւիդ Գետտան՝ «Titanium» եւ «Play Hard» հիթերի հեղինակը, Warner Music լեյբլին վաճառել է երկու տասնամյակների ընթացքում ձայնագրված երաժշտության ամբողջ կատալոգի իրավունքը: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում։
Ինչպես Financial Times պարբերականին հայտնել են աղբյուրները, լեյբլը երաժշտի հետ ավելի քան 100 մլն դոլարի գործարք է կնքել:
«Դեւիդ Գետտան համաշխարհային երաժշտության խոշորագույն դեմքերից մեկն է՝ մոտ 50 միլիոն վաճառված ալբոմներով․․․ հեղափոխական համաձայնագիր է կնքել Warner Music-ի հետ, որն ընդգրկում է նրա ամբողջ կարիերան», - հայտնում է ընկերությունը։
Պայմանագիրը նախատեսում է, որ Warner Music-ը ձեռք է բերում DJ-ի կողմից ձայնագրված երաժշտությունը 20 տարվա ընթացքում: Համաձայնագիրը ներառում է նաեւ ապագա ստեղծագործությունները, այդ թվում՝ նոր սինգլը, որը պետք է թողարկվի հուլիսին: