Բրիտանուհին կոսմետոլոգի մոտ այցից հետո գրեթե զրկվել է քթից. սխալ ներարկված ֆիլլերի պատճառով նրա մոտ հյուսվածքի մահ է արձանագրվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհին այցելել է կոսմետոլոգի՝ քթի տեսքը փոքր-ինչ կորեկցիայի ենթարկելու համար: Այդ նպատակով նրան լցանյութեր (ֆիլլեր) են ներարկել, բայց մի քանի օր անց աղջիկը գրեթե զրկվել է քթից և վերին շրթունքից, քանի որ նրա մոտ սկսել է նեկրոզ զարգանալ: Այս մասին գրում է The New York Post-ը:
26-ամյա Լիա Մորտոնի կարծիքով՝ ինչ-որ բան սխալ է ընթացել դեռ սկզբում: Մասնավորապես, կլինիկան չի զգուշացրել նրան հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին և պարզապես ներարկիչը մտցրել է նրա մաշկի մեջ:
Նույն օրը երեկոյան նա ցավ ու ճնշում է զգացել քթի մեջ, իսկ առավոտյան քթի ծայրը սպիտակել է և զգայուն դարձել: Աղջիկը զանգահարել է կլինիկա, որտեղ նրան հանգստացրել են նման ազդեցության առնչությամբ:
Մի քանի օր անց նրա քթի վրա հայտնվել են փոքրիկ սպիտակ բշտիկներ, որոնք այնուհետև սևացել են: Խուճապի մատնված բրիտանուհին գնացել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեկրոզ, այսինքն՝ հյուսվածքի մահ: Պարզվել է, որ լցանյութը ներարկելիս վնասվել է քթի ծայրին արյուն մատակարարող անոթը:
Մորտոնին հատուկ սկանավորման են ենթարկել, որը ցույց է տվել, որ նրա քթին և վերին շրթունքին արյուն չի հասնում: Աղջկան բուժում են նշանակել: Այնուամենայնիվ, նեկրոզի պատճառով նրա դեմքին դեռ սպիներ կան: Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք քթի և շրթունքի ծայրը կվերականգնեն իրենց նախկին գույնը: