«Հիմա միայն կեղծ զարդեր եմ կրում»․ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Փարիզի կողոպուտից հետո «վախենում է իր տանը թանկարժեք զարդեր պահել» (լուսանկարներ, տեսանյութ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հաղորդավար Էնդի Քոենի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 2016-ի հոկտեմբերին Փարիզի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած կողոպուտը «լիովին փոխել է իրեն», գրում է Daily Mail-ը։
«Հիմա եթե ինչ-որ զարդ եմ կրում, ապա դրանք կա՛մ վարձույթով են վերցված, կա՛մ կեղծ են»,- խոստովանել է հեռուստաաստղը։
Քարդաշյանի խոսքով՝ կողոպուտից հետո մինչ օրս չի կարողանում հանգիստ քնել «երբ իր տանը զարդեր, գումար կամ այլ թանկարժեք իրեր են լինում»։
Բացի այդ, նա նաև խոստովանել է՝ տխրահռչակ դեպքից հետո կորցրել է թակարժեք զարդերի նկատմամբ հետաքրքրությունը։
«Այդ ամենի դրական կողմն այն է, որ այժմ բոլորովին այլ մարդ եմ։ Նախքան կողոպուտը ցանկանում էի ունենալ ամենալավ մեքենան, ամենաթանկարժեք զգեստները։ Այն ինչ արժևորում էի նախկինում, բոլորովին այլ է այն ամենից, ինչ արժևորում եմ հիմա»,- ասել է Քարդաշյանը՝ նշելով, որ իրեն այլևս նյութապաշտ չի համարում։
Հիշեցնենք, որ 2016-ին մի խումբ կողոպտիչներ Փարիզի հյուրանոցներից մեկում կապկպել էին իրապատում շոուի աստղին և շուրջ 9 միլիոն եվրո (գրեթե 11 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր գողացել․ դա վերջին երկու տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ամենախոշոր կողոպուտն է եղել։