Իրանում այսօր նախագահական ընտրություններ են. ֆավորիտը շիա հոգևորական է, նրա հիմնական մրցակիցը՝ կենտրոնական բանկի նախկին ղեկավարը. BBC
Իրանում այսօր նախագահական ընտրություններ են:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցումների միջոցով պարզ է դարձել երկրում առկա տրամադրությունները, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ առաջին հորիզոնականում պահպանողական շիա հոգևորական Էբրահիմ Ռաիսին է, որը ղեկավարում է դատական համակարգը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասսեր Հեմմաթին։
Այլախոհները և բարեփոխիչների մի մասը բոյկոտի կոչ են անում՝ ասելով, որ մի քանի թեկնածուների մասնակցության արգելքը Էբրահիմ Ռաիսիին առանց լուրջ մրցակցության է թողել։ Իրանցիների շրջանում կա տարածված դժգոհություն առ այն, որ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերմամբ Իրանը լուրջ տնտեսական դժվարությունների է բախվել։ Ակնկալվում է, որ կոշտ գծի կողմնակիցների հաղթանակը չի խափանի Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները։
Հայտնի է, որ առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկի կողմից 50 տոկոս ձայն չհավաքելու դեպքում կկայանա ընտրության երկրորդ փուլ։
Հիմնական ֆավորիտ համարվող Էբրահիմ Ռաիսին 60-ամյա հոգևորական է, որն իր կարիերայի մեծ մասը ծառայել է որպես դատախազ և դատական իշխանությունը ղեկավարել 2019 թվականից։ Նրա հիմնական մրցակիցը 64-ամյա Աբդոլնասսեր Հեմմաթին է, որը 2018 թվականից եղել է Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը և պաշտոնից ազատվել թեկնածու դառնալուց հետո։
Մյուս թեկնածուներն են 1980-1988 թվականների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, այժմ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, վիրաբույժ Ամիրհոսսեին Քազիզադեհ Հաշեմին, որը 2008 թվականից ի վեր պատգամավոր է, այլք։ Վիրաբույժը թեկնածուների մեջ ամենաերիտասարդն է՝ 50 տարեկան։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանում հունիսի 18-ին նախագահական ընտրություններ են կայանալու։ Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո երկու օրվա ընթացքում:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցել է յոթ թեկնածուի. նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեին Քազիզադե Հաշեմին, Կում քաղաքի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն և երկրի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասսեր Հեմմաթին: