Ականապատման քարտեզը տվեցինք, բայց մեր շիրակցի գերիները չվերադարձան․ Բորիս Ավագյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր էր 15 գերու փոխարեն ավելին բերել, և եթե կարող էին Ակնայի ականապատման քարտեզի դիմաց հունիսին 15 գերի բերել, ինչո՞ւ դա ավելի վաղ չէին անում:
Ավագյանը, ով շատ մտերիմ է ռուս խաղաղապահների գնդի հրամանատար Մուրադովի հետ, նախ ասաց, որ բանակցությունները վարել են անփույթ, որովհետև այդ քարտեզի դիմաց ռուսական կողմը պատրաստ էր վերադարձնել բոլոր գերիներին: Ապա հիշեցրեց, որ Շիրակի մարզից 62 քաղաքացի կա գերեվարված, խոսքը Խծաբերդից գերեվարվածների մասին է, ուստի ինքը կարծում է, որ այս քարտեզի դիմաց անհրաժեշտ էր ստանալ բոլոր շիրակցի գերիներին, որոնք գտնվում էին այդ ցուցակում:
«Մենք տեսնում ենք, որ նրանց նկատմամբ այսօր Բաքվի դատարանում բեմականացված դատավարություն է տեղի ունենում, և ես ցավում եմ, որ շիրակցիներից ոչ մեկը չվերադարձավ այս 15 գերիների հետ, և հուսով Եմ՝ մոտակա ժամանակ մենք կկարողանանք շիրակցիներին վերադարձնել»,- ասաց Բորիս Ավագյանը:
-Ինչո՞վ կարելի է բացատրել հենց 15 գերու վերադարձը՝ ոչ ավել կամ պակաս:
-Ես չգիտեմ՝ ինչով, բայց ամենազարմանալին, որ այդ 15-ի մեջ ոչ մի շիրակցի չի ներառվել:
-Իսկ գերիների ընդհանուր թիվը մեզ հայտնի՞ է, պաշտոնական որևէ տեղեկատվություն ունե՞նք այդ մասով:
-Մենք պաշտոնական տեղեկություններ ունենք, հաստատված թիվ ունենք, և ես համոզված եմ, որ մենք կկարողանայինք այս քարտեզի դիմաց վերադարձնել բոլոր մեր գերեվարվածներին: Ես հուսով եմ, որ մենք պետք է մոտ ժամանակներս ունենանք դրական նորություններ մեր շիրակցի գերեվարված տղաների վերաբերյալ, որովհետև ես գիտեմ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն իր բոլոր ջանքերն ու ժամանակը ծախսում է նրա վրա, որ վերադարձնի տղաներին, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք տվեցինք ականապատման քարտեզը, բայց չվերադարձան մեր տղաները, որոնք Շիրակի ցուցակում էին:
-Մենք հիմա քանի՞ գերի ունենք՝ ըստ պաշտոնական տվյալների:
-Պաշտոնական տվյալները պետք է ստուգել, թե 15 գերիների վերադարձից հետո քանիսն են մնացել, բայց շիրակցիներից 62-ն են գերեվարվել, վերադարձել են 8-ը, մնացել է 54 շիրակցի գերի:
-Իսկ այդ պաշտոնական տվյալները որտե՞ղ են հրապարակված, իշխանությունների կողմից կարծես թե նման թիվ չի հրապարակվել:
-Հաստատված գերիների թիվը կա Կարմիր խաչի մոտ՝ առաջին հերթին, և կա Պաշտպանության նախարարությունում:
-Այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում:
-Դե, երևի այդ հարցը պետք է ուղղել գործող իշխանություններին:
-Իսկ Ձեր ունեցած տվյալներով քանի՞սն են:
-Իմ ունեցած տվյալները ես կհրապարակեմ, երբ բոլորը վերադառնան, որովհետև ես կարծում եմ, որ այսօր հրապարակելը կարող է խոչընդոտել բանակցային պրոցեսին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։