Բլինկենը Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների բարելավման հեռանկարները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրաելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ հայտարարելով պաղեստինա-իսրայելական հարաբերությունների բարելավման կարևորության մասին, տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքէջից:
«Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իսրայելի պաշտպանության ու անվտանգության իրավունքի հարցում, կարևորել երկկողմ հարաբերություններն ու իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները գործնականում բարելավելու անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին, ներառյալ՝ Իրանը»,- ասված է Պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև Եգիպտոսի համաձայնությամբ հրադադար էր հաստատվել մայիսի 21-ին, բայց վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում լարվածություն է նկատվում՝ Իսրայելի կողմից «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու, Գազայի հատվածում և Արևմտյան ափում արաբների և իսրայելական ոստիկանության միջև վերսկսված բախումների տեսքով: