Եվրո-2020. Դե Բրույնեի վերադարձը հաղթանակ է բերում բելգիացիներին ու նվազեցնում Դանիայի ընտրանու՝ խմբից դուրս գալու շանսերը
Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի B խմբում Դանիայի հավաքականը Կոպենհագենում ընդունել էր Բելգիայի ընտրանուն ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Արդեն խաղի 2-րդ րոպեին դանիացիներին առաջ մղեց Յուսուֆ Պոուլսենը։ 10-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո խաղը կանգնեցվեց՝ ի աջակցություն Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի, որը դեռևս հիվանդանոցում բուժում է ստանում։
Երկրորդ կեսում խաղադաշտ վերադարձավ Կևին դե Բրույնեն, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել 1-ին տուրը։ Արդեն 54-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի արդյունքում դե Բրույնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը՝ հավասարեցնելով հաշիվը։ 70-րդ րոպեին, փոխարինման մտած Էդեն Ազարի փոխանցումից հետո, Շմեյխելի դարպասը գրավեց հենց Կևին դե Բրույնեն։
Չնայած դանիացիները ողջ թիմով առաջ էին նետվել՝ խաղը փրկելու, բայց ոչինչ անել չհաջողվեց, թեպետ մի քանի լավ հնարավորություն խաղավարտին ձեռքից բաց թողեց Բրեյթուեյթը։
Այսպիսով, դանիացիները երկու խաղի արդյունքում ունեն 0 միավոր և խմբից դուրս գալու չնչին շանս։