«Պատերազմում հաղթանակի օգուտը ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկացվի». Էրդողանն Ադրբեջան և Արցախ այցելելուց հետո թվիթերյան գրառում է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան, ինչպես նաև Արցախի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց հետո գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:
Նա նշել է, որ պատերազմում հաղթանակի օգուտն Ադրբեջանի, Կովկասի և աշխարհի համար ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկացվի:
«Քանի որ սա կառուցման, այլ ոչ թե ավերման, արդարության, այլ ոչ թե բռնատիրության, քնքշության, այլ ոչ թե կոպտության, խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, սրտի, այլ ոչ թե արյան հաղթանակ էր»,-գրել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:
Karabağ zaferinin Azerbaycan’a, Kafkaslara ve dünyaya getireceği yararların kıymeti zaman geçtikçe daha iyi anlaşılacaktır.
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) June 17, 2021
Çünkü bu, yıkımın değil inşanın, zulmün değil adaletin, nobranlığın değil zarafetin, savaşın değil barışın, kanın değil kalbin zaferidir. pic.twitter.com/oucMpkFmbr