«Կյանքում երջանկություն չկա...». Պուտինն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեկնաբանել է Տոլստոյի հայտնի ցիտատով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հեռանկարների մասին, մեջբերել է դասական գրող Լև Տոլստոյի հայտնի արտահայտություններից մեկը` նշելով, որ «նման իրավիճակում ընտանեկան վստահություն չի կարող լինել, սակայն դրա նշույլներ առկայծել են», գրում է vz.ru-ն:
«Գիտեք` Լև Տոլստոյը մի առիթով ասել է.«Կյանքում երջանկություն չկա, կան միայն դրա առկայծումներ: Գնահատեք դրանք»: Եվ հիմա ինձ էլ է թվում, որ նման իրավիճակում չի կարող լինել ինչ-որ ընտանեկան վստահություն, բայց դրա նշույլներ, իմ կարծիքով, առկայծել են»,-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովից հետո հայտարարել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։ Ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ:
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ: