Բոտսվանայի նախագահը ցուցադրել է հայտնաբերված ահռելի ադամանդը, որը կարող է դառնալ աշխարհում 3-րդ խոշորագույնը (լուսանկար)
Բոտսվանայի նախագահ Մոկգվիցի Մասիսին ցուցադրել է 1,098 կարատ քաշով ադամանդը, որը երկու շաբաթ առաջ է արդյունահանվել երկրում և հավակնում է դառնալ աշխարհում երրորդ ամենախոշորը:
Ինչպես նշում է BBC-ն, ահռելի քարն իր քաշով շատ քիչ է զիջում աշխարհում երկրորդ ամենախոշորը համարվող ադամանդին, որն արդյունահանվել էր 2015-ին` Բոտսվանայում:
«Ըստ նախնական տվյալների` սա կարող է լինել աշխարհում երրորդ ամենամեծ ադամանդը»,-ասված է արդյունահանող ընկերությանը` Debswana Diamond Company-ի հայտարարությունում:
Ադամանդն ունի 73 մմ երկարություն, 52 մմ լայնություն և 27 մմ հաստություն:
Աշխարհում երբևէ հայտնաբերված ամենամեծ ադամանդը` «Կուլինան»-ը, կշռում է 3,106 կարատ: Այն հայտնաբերվել է 1905թ.` Հարավային Աֆրիկայում: Երկրորդը` «Լեսեդի Լա Ռոնա»-ն, կշռում է 1,109 կարատ: Այն հայտնաբերվել է 2015թ.` Բոտսվանայում: Երրորդ ադամանդը դեռևս անվանում չի ստացել: