«Մենք առաջարկում ենք բաժանում պրոֆեսիոնալիզմի և տգիտության, հայրենասիրության և ապազգայնության միջև․ Հայաստանը հունիսի 20-ին պետք է հաղթի հակահայաստանին»․ Ռուբեն Մելքոնյան
Այս քարոզարշավը ցույց տվեց պայքար ասելիքի և դրա բացակայության միջև: Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում կայացած հանրահավաքին հայտարարել է դաշինքի պատգամավորի թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշել է՝ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ասելիքով, ծրագրերով, իսկ մյուս կողմում միայն ճղճղան պոպուլիզմ, գոռգոռոց է, որը քաղաքականության հետ որևէ կապ չունի։
«Գոռգոռալը դեռևս քաղաքականությամբ զբաղվել չէ, քաղաքականությունը նաև կառավարման հմտություն է, որից այս իշխանությունները լիովին զուրկ են։ «Հայաստան» դաշինքն առաջարկում է արժանապատիվ խաղաղություն և արտաքին քաղաքականության մեջ անվտանգության վեկտորի վերազինում։ Մենք առաջարկում ենք կանխատեսելի գործընկերոջ կերպարի վերականգնում, իսկ դրա փոխարեն հեռացող իշխանությունը շարունակում է քանդել մեր արտաքին քաղաքականության հիմքերը, և դրա ամենախոսուն ապացույցն է այն, որ այսօր մենք դե ֆակտո ունենք պարալիզացված ԱԳՆ, չունենք ԱԳ նախարար, փոխնախարարներ, և որևէ դիվանագետ չի ուզում մաս կազմել այս պետականաքանդ իշխանությանը»,-ասել է նա։
Մելքոնյանը ընդգծել է՝ իրենց դաշինքն առաջարկում է հասարակական համերաշխություն․ «Մենք դեմ ենք ատելությանը, հայը հային թշնամի չէ, մեր թշնամին սահմանից այն կողմ է, իսկ այս իշխանությունները շարունակում են մուրճ տատանել և թշնամանք հրահրել մեր հասարակության մեջ, մենք մերժում ենք այդ ատելության խոսքը»:
Պատգամավորի թեկնածուն հավելեց՝ առաջարկում են ազգային, պետական սկզբունքների վրա հենված կրթական համակարգ, Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի կարևորում, մինչդեռ, նրա խոսքով, գործող իշխանությունը փորձում է ծնկի բերել հոգևորականությանը։
«Հայ հոգևորականի, գիտնականի, կրթության մշակի դեմ պայքարել են թշնամիները և թուրքերը, հիմա նույնն անում է այս իշխանությունը, ուստի վերջինս այս պետության հետ այլևս որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև նրա՝ ամեն րոպե մնալը պետականության հիմքերի քանդում է նշանակում։ Մենք առաջարկում ենք բաժանում պրոֆեսիոնալիզմի և տգիտության, հայրենասիրության և ապազգայնության միջև։ Հայաստանը հունիսի 20-ին պետք է հաղթի հակահայաստանին»,- ասել է Մելքոնյանը։