Գեղանիստի դպրոցի տնօրենն իրեն աշխատանքից ազատելը մեկնաբանում է ամուսնու՝ «Հայաստան» դաշինքի անդամ լինելու հանգամանքով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն չորս տարի է, ինչ Կարինե Ղազարյանը «Գեղանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Ամեն դեպքում, մինչև հունիսի 11-ը տնօրենն էր, երբ մարզպետարանից որոշում է ստանում, որ ազատված է աշխատանքից, ստացել է նաև հիմնավորում, որը, սակայն, Ղազարյանն անօրինական է համարում: «2022 թվականի մարտի 27-ին կլրանար հինգերորդ տարին, որ դպրոցի տնօրենն եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:
Հունիսի 11-ին նրան ազատել են աշխատանքից: «Դիմում էի գրել ինձ արձակուրդ տրամադրելու համար՝ նույն օրը մոտավորապես ժամը 16:30-ի մոտակայքում: Գրությունն ուղարկել եմ էլեկտրոնային տարբերակով: Ժամը 17:30 մարզպետարանից զանգահարում են և տեղեկացնում՝ Դուք ազատված եք աշխատանքից: Դա ինձ համար անակնկալ էր: Ես հարցնում եմ՝ ի՞նչ հիմքով: Պատասխանում են, որ որոշումը կուղարկեն էլեկտրոնային տարբերակով: Գյուղում եմ բնակվում, և այդ ժամին անհնար էր գնալ, հասնել Գյումրի՝ մարզպետարան, որպեսզի որոշումն առձեռն վերցնեի: Էլեկտրոնային տարբերակով որոշումն ուղարկել են հունիսի 11-ին, իսկ աշխատանքից ազատման որոշումն առձեռն ստացել եմ հունիսի 14-ին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ղազարյանը:
Ընդգծում է՝ որոշման մեջ որպես ազատման հիմք նշվել է Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածը, որը վերաբերում է անվստահությանը: «Այս մասով, խոսքը վերաբերում է անվստահություն հայտնելուն, որոշումն անօրինական է: Ենթադրենք՝ տնօրենը ո՞ր դեպքում իրավունք ունի աշխատողին ազատելու աշխատանքից իրենց նշած անվստահության հիմքով: Երբ աշխատողը գույք է վնասում, ինչ-որ խախտում է կատարում, որը վնասում է դպրոցի շահերին: Նույնը վերաբերում է նաև տնօրենին»,-նշում է մեր զրուցակիցը:
Հետաքրքրվում ենք՝ նախքան նրան տնօրենի աշխատանքից ազատելը արդյո՞ք դպրոցում եղել են ստուգումներ, գուցե նա ստացել է նկատողություններ: «Այս ընթացքում դպրոցի հետ կապված եղել են բողոքներ, բայց ես աշխատել եմ առանց խախտումների: Եվ օրերս միանգամից աշխատանքից ազատման որոշումն եմ ստացել»,-ընդգծում է դպրոցի տնօրենը:
Մեր այն դիտարկմանը, թե տիկին Ղազարյանն ունի՞ ենթադրություններ, թե ինչու է ազատվել աշխատանքից, երբ իր ղեկավարած դպրոցում խախտումներ չեն արձանագրվել, նա այսպես է արձագանքում. «Աշխատանքից ազատման միայն իմ որոշումը չի եղել, եղել են շատ այլ որոշումներ ևս: Իմ դեպքում ես այդ որոշումը կապում եմ նրա հետ, որ ամուսինս «Հայաստան» դաշինքի անդամ է, կուսակցական, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ: Իմ ազատման որոշումը կապում եմ այս հանգամանքի հետ, ուրիշ մեկնաբանություն չեմ կարողանում գտնել: Ես աշխատել եմ ի նպաստ դպրոցի: Դպրոցը շատ անմխիթար վիճակում եմ ընդունել, դիմել եմ մարզպետարան, որպեսզի վերանորոգման հետ կապված աշխատանքներ տարվեին, բայց մերժել են՝ պատճառաբանելով ֆինանսական հարցերը և այլն: Դիմել եմ բարերարներին, բավականաչափ մեծ աշխատանքներ եմ կատարել դպրոցի համար, ինչը նպաստել է աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակի բարձրացմանը»,-ասում է Ղազարյանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ անկուսակցական է:
«Դպրոցում քարոզչություն չի իրականացվել, նույնիսկ երբ մանկավարժները սկսել են խոսել, քննարկել, ես արգելել եմ, ասելով՝ կարող եք այդ թեմաներով խոսել դպրոցից դուրս, բայց ոչ դպրոցի ներսում: Դա յուրաքանչյուրիդ սահմանադրական իրավունքն է, բայց դպրոցի տարածքում նման զրույցներն արգելված են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Հետագա քայլերի մասին խոսելիս ասում է.«Պաշտպանելու եմ իմ իրավունքները: Մարզպետի անօրինական որոշման դեմ բողոքարկումն արդեն ընթացքի մեջ է»,-եզրափակում է Կարինե Ղազարյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։